Ամենայն հավանականությամբ, խոսքը նախ և առաջ կապիտալի վերաբաշխման մասին է: Ամենամեծ կապիտալի վերաբաշխումը տեղի է ունեցել 100 տարի առաջ, երբ ստեղծվեց Սովետը: Այնուհետև կապիտալի խոշոր վերաբաշխում տեղի ունեցավ Սովետի փլուզումից հետո: Այժմ հերթական վերաբաշխման պրոցեսն է: Ռուսաստանը նախկին Սովետից ներգաղթած էթնիկ խմբերից հետ է վերցնում խոշոր կապիտալը: Ուկրաինական պատերազմը շուտով կավարտվի, վերադարձող զինվորներին ու տեղական ազգաբնակչության սիրտը պետք է շահել, մեղավորի կերպար է անհրաժեշտ: Կովկասցիները լավ մեղավորի թեկնածուներ են, լինի հայ, վրացի, թե ազերի: Հետո, այժմ 90-ականները չեն, եկվորների փոխարեն տեղացիները կարող են և՛ առևտրով զբաղվել, և՛ ծառայություններ մատուցել ու կառուցել: Եվ այդ պրոցեսը համաձայնեցված է նախկին ռեսպուբլիկաների, տվյալ դեպքում՝ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ: Այս կոմբինացիան ձեռնտու է բոլոր կողմերին: Ռեսպուբլիկաները ստանում են իրենց էթնիկ խմբերի պարագլուխների կապիտալի որոշակի բաժինը, Մոսկվան տիրոջ իրավունքով վերցնում է իր տարածքում գտնվող հիմնական բիզնեսները՝ անշարժ գույքով հանդերձ: Այդ բիզնեսները էթնիկ խմբերին տրվել էին ժամանակավորպես, մինչ ոտքի կանգնեն և կայանան: Այդ բիզնեսների գլխին նշանակված տերերը ժամանակավոր մենեջերներ են, ուրիշ ոչինչ: Նրանց նույնպես չեն նեղացնի, բոլշևիկների պես չեն գնդակահարի:
Այսպիսով, ոչխարները գոհ կլինեն, գայլերը՝ կուշտ:
100 տարի առաջ Սովետի ստեղծումը պատահական ծրագիր չէր, որ իրագործեց ընկեր Լենինը, դա անհրաժեշտություն էր: Իրավիճակը Առաջին աշխարհամարտից հետո այսօրվա պես քաոսային էր, Արևմտյան աշխարհը տոտալ դեպրեսիայի մեջ էր: Որպեսզի Եվրոպան ոտքի կանգներ, շունչ քաշելու ժամանակ ունենար, անհրաժեշտ էր Սովետի պես մի կառույց, որը վերահսկողության տակ կպահեր ահռելի Եվրասիան՝ իր մերձակայքով: Եվ Սովետը իր դերը հիանալի կատարեց:
Այժմ կրկին քաոսային իրավիճակ է: Արևմուտքը գաղափարական և մարդկային ռեսուրս չունի աշխարհը բալանսի մեջ պահելու համար: Դեմոկրատիան դրոշակ դարձնելով՝ աշխարհը փոխել չստացվեց: Իսլամական աշխարհը ավելի ռադիկալ դարձավ ու տարանջատվեց մյուսներից, Չինաստանը դարձավ գերզարգացած հսկա: Պառաված Եվրոպայում ամեն ինչ հին ու նամշած է, Եվրոպան դարձել է մեռնող թանգարան: Եվրոպան չունի դեմք, առաջնորդ, միասնական ծրագիր:
Նոր Սովետի անհրաժեշտությունը օր-օրի դառնում է ժամանակի հրամայական:
Ժողովուրդները հոգնել են այս բալագանից, ուրախությամբ և մեծ պաստառներով կողջունեն նոր միությունը:
Արա Արայան